Երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանը Երիտասարդության օրվա առիթով մրցանակ է հանձնել Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյանի (UNFPA Armenia) տնօրեն Ծովինար Հարությունյանն (Tsovinar Harutyunyan) ու Կապան համայնքի (Կապանի համայնքապետարան/Kapan municipality) ղեկավար Գևորգ Փարսյանը մասնակցել են օրվան նվիրված միջոցառումներին: Այս մասին նշված է Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։
Երիտասարդների երազանքներով է պայմանավորված պետության վաղվա օրը. Դումանյանի ուղերձը
Նրանք Կապանում շրջել են ցուցահանդես-վաճառքի տաղավարներով, ծանոթացել համայնքի բնակիչների աշխատանքներին՝ ձեռագործ խաղալիքներից մինչև խնամքի պարագաներ:
Մասնակիցները ներկայացրել են իրենց հաջողված պատմությունները, բիզնեսի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև քննարկվել է տեղական բիզնեսի խրախուսման ու ընդլայնման հնարավորությունները:
Ցուցահանդեսի աշխատանքներից Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընտրել է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաների ձեռքի աշխատանքները և մրցանակաբաշխության ժամանակ պատվոգիր և կարի մենքենա է նվիրել հաստատությանը՝ երեխաների լավագույն շահերին համապատասխան առավել արդյունավետ աշխատանքների նպատակով:
Ինչ է սպասում Երիտասարդության միջազգային օրը «տոնի տերերին». պատերազմի ճգնաժամն անցե՞լ է
«Երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ: Մենք պետք է հավասար հնարավորություններ ստեղծենք յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր երիտասարդի համար՝ առանց խտրականության: Պետք է գնահատենք նրանց ներուժը և յուրաքանչյուրին հնարավորություն տանք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ ձեռք բերել»,- մրցանակը հանձնելիս նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Ըստ Արման Թաթոյանի՝ չնայած պատերազմի արհավիրքին, պետք է շարունակենք շենացնել մեր երկիրը, ամրացնել մեր պետականությունը, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, գնահատվում է յուրաքանչյուրի արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ այս տարի Կապան համայնքն է ճանաչվել Երիտասարդական մայրաքաղաք: