ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ասֆալտապատման ոլորտում անցկացվում են մրցույթներ` Հայաստանում բավական մեծ մրցակցություն է ծավալվել շինարարական ընկերությունների միջև։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիքի հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը` հերքելով լուրերը, թե ասֆալտապատման աշխատանքներում կան մենաշնորհներ։
«Իրականում մեծ մրցակցություն կա այս ոլորտում, ինչը պայմանավորված է ճանապարհաշինական ծրագրերի` մի քանի անգամ ավելացմամբ։ Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանում հիմնվել են նաև մի շարք նոր ընկերություններ, ասֆալտ–բետոնի արտադրման նոր գործարաններ»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` այս ամենը բերեց այն բանին, որ Հայաստանում գործող շինարարական ընկերությունները սկսեցին իրենց հզորությունները փոխել։ Նախարարը նշեց` պետք է տեսնել, թե ինչ ծավալի տեխնիկա և սարքավորումներ են ներմուծվել Հայաստան։
Սանոսյանը հավելեց նաև, որ չնայած այն հանգամանքին, որ իրենց նախարարության գործունեության մեջ ասֆալտն ամենատեսանելին է, ինչի համար էլ այդ մասին ավելի շատ է խոսվում, բայց նաև այլ աշխատանքներ են տարվում` համայնքներում խմելու և ոռոգման ջրի ցանցեր են անցկացնում, մանկապարտեզ և դպրոցներ ենք կառուցում և այլն։