Իրանական բեռնատարների Արցախ մուտք գործելու հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտայի պատճառն ադրբեջանա-իրանական արդեն իսկ լարված հարաբերությունների էլի ավելի սրումն է, ինչը պայմանավորված է տարբեր գործոններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Դրանցից մեկը նշված է Ադրբեջանի ԱԳՆ–ի բողոքի նոտայում, սակայն կան նաև այլ պատճառներ, որոնք երևում են տարբեր կերպ`քարոզչական հարթակների միջոցով, պաշտոնական մակարդակում արված հայտարարությունների միջոցով։
«Պատճառներից մեկը նաև Հայաստանում Իրանի դեսպանի այցն էր սահմանային գոտի։ Իրանական բեռնատարների խնդիրը կար վաղուց, և կարող էին այդ առթիվ նոտա հանձնել ամիսներ առաջ, երբ շատ ավելի սրությամբ էր քննարկվում խնդիրը` գտնելով հասարակական լայն արձագանք։ Կան նաև չերևացող պատճառներ, որոնց մասին խոսում են մասնակիորեն։ Օրինակ` Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը և Թուրքիայից եկող որոշակի ուղղորդումները»,– ասաց իրանագետը։
Շուշի կատարած այցի ժամանակ, խոսելով Արցախի բռնազավթված տարածքների մասին, Փաշազադեն ասել էր, որ Ղարաբաղի «ազատագրումը» հնարավոր է եղել նաև Իրանի հոգևոր առաջնորդի արձակած հրովարտակի շնորհիվ, ինչը մեծ լարում էր առաջացրել Ադրբեջանում և Թուրքիայում ։
Տոնոյանի գնահատմամբ` ադրբեջանա–իրանական հարաբերություններում առկա լարվածությունը տարբեր քարոզչամիջոցներով բորբոքվում և ուղղորդվում է Թուրքիայից։ Ըստ նրա` Իրանի նոր կառավարությունը շատ ավելի կոշտ դիրքորոշում է ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, որովհետև պատմությունից հայտնի է, երբ իշխանության են գալիս պահպանողականները, ապա Ադրբեջանի նկատմամբ որդեգրվում է կոշտ քաղաքականություն։
Հատկանշական է, որ Իրանի դեսպանին վերջին անգամ հանձնվել էր նոտա հենց այն ժամանակ, երբ Իրանում կառավարում էին պահպանողականները։
Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 11–ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում Իրանի դեսպանին՝ նշելով, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ: