ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում այսօր տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ են վնասվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը քամու հասցրած վնասների մասին ահազանգեր է ստացել 18։10-ից 21։30-ն ընկած ժամանակահատվածում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղեր և իրականացրել հերթապահություն։