ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 10-ին Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արման Սիրադեղյանի կողմից պատերազմում նահատակված իր մարտական ընկերներին նվիրված խաչքարի օծման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում են առաջնորդարանի լրատվական ծառայությունից։
Խաչքարի հեղինակն է Արա Արազը:
Արարողությանը ներկա են եղել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներ, հարազատներ և Արցախյան պատերազմին մասնակցած կամավորներ ու զինծառայողներ:
Ներկաները իրենց հարգանքի տուրքն են մատուցել և ծաղիկներ են խոնարհել պատերազմում նահատակված հերոս տղաների հիշատակին: