Հունվար–հունիս ամիսների տնտեսական ցուցանիշների մեջ առեղծվածային ոչինչ չկա, վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այն, ինչ սպասվում էր, այսինքն` տարօրինակ ու անսպասելի թվեր չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտեց տնտեսագետ Արա Գալոյանը։
Նրա խոսքով` տնտեսական աճի մասին խոսելիս` պետք է հաշվի առնել, որ նախորդ տարի ունեցել ենք տևական «լոք–դաուն», ինչի ազդեցությունն ավելի ակնառու է դառնում այս տարվա առաջին կիսամյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատելիս։
«Առանձին ճյուղերում տնտեսական աճ իսկապես կա, մյուսներում իրավիճակը նույնիսկ չի էլ վերականգնվել, այսինքն` 2019 թվականի մակարդակին դեռ չենք հասել։ Օրինակ` արտաքին առևտրի մեջ արտահանումների աճ իրոք գրանցվել է, հիմնական դրական միտումներն արձանագրվել են հանքարդյունաբերության ոլորտում` հանքերի շահագործման արդյունքում, ավելի ստույգ` հանքագործական արդյունաբերությունն աճել է յոթ տոկոսով, իսկ ահա մշակող արդյունաբերությունը, որն իր ծավալներով ամենամեծն է, դեռևս չի հասել 2019 թվականի մակարդակին։ Մշակող արդյունաբերության մեջ նույնիսկ կրճատման մասին է խոսվում, ծխախոտագործությունը շարունակում է դանդաղ աճել, փոխարենը խմիչքների արտադրությունն է բարձր աճ գրանցել»,– ասաց տնտեսագետը։
Գալոյանի դիտարկմամբ` անգամ առաջին կիսամյակի տվյալներն ունենալու պարագայում դժվար է կանխատեսել, որ տարեվերջին կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ։ Ըստ նրա` կլինի Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածի ուղիղ կեսը, որ մեզ համար հիշյալ կառույցները հաշվարկել էին 2020 թվականին։
«Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը շատ ոլորտներում դեռևս չի հասել 2019 թվականի մակարդակին։ Այդ տարվա առաջին կիսամյակում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմում էր 605 միլիարդ դրամ, 2020 թվականին` 578 միլիարդ դրամ էր, իսկ 2021 թվականին 590 միլիարդ դրամ, այսինքն` թեև որոշակի աճ գրանցվել է, բայցևայնպես դեռ չենք հասել 2019 թվականի մակարդակին։
Ներկայացվում է նաև մանրածախ առևտրի 2.2 տոկոս աճ, բայց չմոռանանք, որ 2019 թվականի համեմատ` նույն առևտուրն ունեցել է 25 տոկոսի անկում։ Որքան էլ մեծածախ առևտուրը փորձի ութ տոկոսանոց աճ ներկայացնել, միևնույնն է, համարյա կրկնակի անկում է արձանագրվել անցյալ տարվա ընթացքում»,– ասաց տնտեսագետը։
Գալոյանը մատնանշեց, որ հանրային ծառայությունների ոլորտում նույնպես 2019 թվականի մակարդակը չի արձանագրվել ու թեև թեթև արդյունաբերության մեջ նկատվել է որոշակի աճ, սակայն նման ցուցանիշները պետք է դիտարկվեն առանձին։ Ըստ նրա` չկա հստակ մշակված տնտեսական զարգացման ծրագիր ու թեև նախկինում կար ինչ-որ գործ անելու ոգևորություն, ինչի արդյունքում արձանագրվեցին ինչ–ինչ միտումներ, բայցևայնպես մեր տնտեսությունը հիմնականում ունի իներցիոն բնույթ, նոր տնտեսական քաղաքականություն չկա։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2021 թվականի հունվար–հունիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` արդյունաբերական արտադրանքի ծավալը 2021 թվականի հունիսին կազմել է 195 միլիարդ 818 միլիոն դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 277 միլիարդ 994 միլիոն դրամ, իսկ առևտրի շրջանառության ծավալը 2021 թվականին հունիսին կազմել է 284 միլիարդ 137 միլիոն դրամ։