ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ ռազմական ոլորտում փոխգործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ընդունելով ՀՀ ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանին։
Շոյգուի խոսքով ՝ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել հայկական բանակի արդիականացմանն ու բարեփոխմանը:
«Խնդիրը հեշտ չէ, բայց կարծում եմ` ձեր փորձով ձեզ համար դա հեշտ կլինի», - ասել է ՌԴ նախարարը:
Շոյգուն շնորհավորել է Կարապետյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ այն տեղի է ունեցել բարդ ժամանակներում, երբ երկրի պաշտպանական ոլորտի բարեփոխման բարդ խնդիրներ են դրված:
Իր հերթին Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Շոյգուին Հայաստանի զինված ուժերի մարտունակության վերականգնմանը, զորքերի հագեցվածությանն ու ուսուցմանը նպաստելու պատրաստակամության համար:
Նշենք, որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ռազմական ղեկավարությունը հայտարարել է Ռուսաստանի աջակցությամբ բանակի լայնածավալ վերակազմավորման մասին: