Արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը 100 տոկոսանոց չէ, և քանի դեռ ճգնաժամը չի հանգուցալուծվել՝ խնդիրն արտահայտվելու է տարբեր ձևերով տարբեր տեղերում, այդ թվում՝ Ազգային ժողովում, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին։
«Մտահոգիչ հանգամանք է նաև այն, որ լրագրողներին թույլ չեն տալիս լիարժեք աշխատել, իսկ նման բան նույնիսկ գործող իշխանության կողմից որակվող նախկին «մերժված ու հանցավոր» իշխանությունների օրոք չկար։ Լրագրողներն ազատ էին տեղաշարժի ու շփումների առումով, բայց իշխող ուժն այսօր հստակ գիտակցում է, որ ՔՊ պատգամավորներից շատերը չունեն ինտելեկտուալ մակարդակ, որպեսզի պատասխանեն լրագրողների տարաբնույթ հարցերին, հետևաբար ցանկացած պատասխան կարող է պատգամավորներին դարձնել ծիծաղի առարկա»,– ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով`Հայաստանում անձնիշխան կառավարման համակարգի ձևավորումը շարունակվում է, երբ քաղաքական լիդերը հիվանդագին է վերաբերվում ցանկացած քննադատության, իսկ Ազգային ժողովը վերածվում է ռազմականացված օբյեկտի։
Ըստ նրա` իշխող խմբակցության պատգամավորներն իրենց առաջնորդից ստանում են հրահանգ նույնիսկ ձեռնամարտի բռնվելու միջոցով պաշտպանել ղեկավարին, ինչն էլ ցույց տվեց վերջին միջադեպը։ Բադալյանի գնահատմամբ` սա ճգնաժամը չհաղթահարած Ազգային ժողովի գործունեության դասական օրինակ է։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստի ուղիղ եթերը խոսնակ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ընդհատվեց, երբ նա նիստերի դահլիճ հրավիրվեց ԱԺ անվտագնության աշխատակիցներին։ Պատճառն իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորների վիճաբանությունն էր այն բանից հետո, երբ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին դուրս էր հրավիրել ԱԺ նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունն անելու համար։
Հավելենք, որ այսօր սահմանափակվել է նաև լրագրողների աշխատանքը։ Նրանց թույլ չեն տվել մուտք գործել օթյակ, որը նախատեսված է հենց լրագրողների համար։