Լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» «տաք» տեղեկություններ ստանալու իրավունքից. ՄԻՊ

ԱԺ անվտանգության աշխատակիցները ԱԺ լրագրողների համար նախատեսված օթյակից դուրս էին հրավիրել այդ պահին այնտեղ աշխատող ԶԼՄ ներկայացուցիչներին: Արման Թաթոյանն անդրադարձել է այդ դեպքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՀՀ ամրդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է որակում այսօր Ազգային ժողովի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը: Նա գրառում է արել Facebook–ի իր էջում։
Մի շարք լրագրողներ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ անվտանգության ծառայողներն իրենց ասել են, որ լրագրողներին կթույլատրեն օթյակում մասնագիտական աշխատանք կատարել, բայց նիստերի դահլիճում միջադեպերի դեպքում պետք է լքեն օթյակը և իրավունք չունեն միջադեպեր (նաև բռնություն) լուսաբանելու, այդ թվում` նկարահանելու:
«Լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից: Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում»,- իր դիրքորոշումն է հայտնում Թաթոյանը՝ հավելելով, որ դա ուղղակիորեն բխում է միջազգային իրավաբանությունից, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներից:
ՄԻՊ-ն անընդունելի է համարում լրագրողների աշխատանքի սահմանափակումները անվտանգության կանոնների հետևում «թաքցնելու» գործելաոճը:
«Մենք չենք եկել խորհրդարան` ջան ասենք, ջան լսենք»․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ նիստի մասին
Հիշեցնենք՝ ԱԺ նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «կապիտուլյանտ Նիկոլ», ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատել էր նրա խոսափողն ու պատգամավորին դուրս հրավիրել ԱԺ ամբիոնից։
Իրավիճակն ավելի էր սրվել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ Ալեն Սիմոնյանն արձագանքել էր, թե ՀՀ քաղաքացիները գնահատական տվել են, թե ով է «կապիտուլյանտը» և ով «հողատուն»։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքել էին Սիմոնյանի հայտարարությանը, իսկ երբ Ալեն Սիմոնյանին այլևս չէր հաջողվել հանդարտեցնել բորբոքված կրքերը, նա ԱԺ դահլիճ էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին և հանձնարարել անջատել ուղիղ եթերի հեռարձակումը։
Միաժամանակ ԱԺ անվտանգության աշխատակիցները ԱԺ լրագրողների համար նախատեսված օթյակից դուրս էին հրավիրել այդ պահին այնտեղ աշխատող ԶԼՄ ներկայացուցիչներին:
ԱԺ նախագահն առաջարկեց «զրոյացնել» այսօր տեղի ունեցած միջադեպը