Լևոն Գալստյանը պաշտոնից հեռանում է ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից հեռացած Լևոն Գալստյանը կարծում է, որ առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, և ինքը հեռանալով վճարում է իր բաժին գինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Լևոն Գալստյանը Հանրային հեռարձակողի (նախկին Հանրային հեռուստառադիոընկերության) խորհրդի անդամի պաշտոնից հեռանում է ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի։ Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։
«Պատերազմից հետո հրապարակավ միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, և ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը»,– նշել է նա։
Գալստյանը խորհրդի նախկին գործընկերներին արդյունավետ աշխատանք է մաղթել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները։