ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունը 16,9 միլիոն դրամ կփոխանցվի Սահմանադրական դատարանին ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի գումարը փոխհատուցելու նպատակով: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Բանն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հունիսի 11-ին մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի բողոքը և ՍԴ աշխատակազմի ղեկավարին պարտավորեցրել Ալվինա Գյուլումյանին վճարել 09.04.2018 - 26.06.2020-ն ընկած ժամանակահատվածի համար չվճարված հավելավճարը՝ ամսական 601 հազար դրամի չափով:
Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա ամբողջ գումարը կազմում է 16.9 մլն դրամ:
Հիշեցնենք՝ 2020 թվականին Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից:
Պաշտոնանկությունից հետո Գյուլումյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի` պահանջելով աշխատավարձի 130 տոկոսի չափով հավելավճար՝ ավելի քանի 800 հազար դրամ:
Առաջին ատյանի դատարանը Գյուլումյանի օգտին էր որոշում կայացրել, Վերաքննիչ դատարանը Գյուլումյանի պահանջը համարել էր անհիմն ու պարտավորեցրել առաջին ատյանի դատարանին որոշումը բեկանել: Իսկ Վճռաբեկ դատարանը Գյուլումյանի պահանջը բավարարել է մասնակի՝ հավելավճարը հաշվարկելով 2018-20թթ-ի համար և ոչ թե ամսական 800 000, այլ 601 000 դրամի չափով: