«Ես չեմ նշել Տավուշի ադրբեջանական հողերի մասին միայն». նախկին մարզպետը պարզաբանեց իր ասածը

Վահե Ղալումյանի պնդմամբ` Տավուշի մարզի վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տավուշում նման տարածքներ գոյություն չունեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Տավուշի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ երեք օր է՝ իրեն հազիվ է զսպում, որ ԱԺ ամբիոնից չանդրադառնա անկլավների մասին իր հայտարարության հետ կապված ընդդիմության հարցադրումներին ու չպարզաբանի եղելությունը:
Հայաստանը չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը. Կարապետյանը` Շոյգուին
«Ես չեմ նշել Տավուշի մարզի ադրբեջանական հողերի մասին միայն, ես նշել եմ հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց նա՝ ի պատասխան նույն թեմայի մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ միաժամանակ նշելով, որ իր հայտարարությունը ներկայացվում է կիսատ՝ 50%-ով:
Նշենք, որ օգոստոսի 6–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ընթացքում Վահե Ղալումյանն ասել էր, որ «Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ»։
«Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել, չէի կարող խոսել և չեմ կարող խոսել, որովհետև դա իմ մեջ չկա: Պատկերացումն այդ հարցի վերաբերյալ ինձ մոտ այդպիսին չէ»,- ասաց պատգամավորը։
Նա պարզաբանեց, որ խնդիրը, որի մասին ինքը խոսել է, քաջ ծանոթ է բոլոր տավուշեցիներին:
«Մենք, ապրելով սահմանին, մինչև 90-ական թվականները սահմանի մասին պատկերացում չենք ունեցել: Այս պահին գոյություն ունեցող սահմանը Խորհրդային Միության քարտեզների հետ չի համապատասխանում»,- նշեց նա:
ՌԴ–ն ամեն ինչ անելու է Հայաստանի սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար. Շոյգու
Ագնեսա Խամոյանի հարցադրմանը, թե ինչ իրավական կարգավորմամբ պետք է տեղի ունենա Տավուշի մի քանի գյուղերի հանձնումն Ադրբեջանին, Վահե Ղալումյանը պատասխանեց. «Օրակարգում նման հարց գոյություն չունի փոխանակելու, հանձնելու վերաբերյալ: Ձեր կողմից նշված տարածքները՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Տավուշի մարզի վարչատարածքային բաժանման մասին օրենքով գոյություն չունեն: Նման տարածքներ չկան»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին. պատճառն Արցախն է
Նշենք, որ Վահե Ղալումյանը ՔՊ-ի կողմից առաջադրվել է ԱԺ Տարածքային ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: