ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքային գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` արձանագրելով, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակավայրերը։
«Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ ՀՀ ԱԳՆ-ն փաստում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «...կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, զավթել այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին։
ԱԳՆ-ն նաև նշում է, որ նմանօրինակ վերջին միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 11-ին, Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում։ «Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից բացահայտ կեղծիք է»,- ասված է հայտարարության մեջ։
Արտաքին գերատեսչությունը նաև փաստում է, որ առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում, հետևաբար Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է: ԱԳՆ պարզաբանմամբ` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից:
«Հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը, մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ: Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը»,- հայտարարում է ԱԳՆ-ն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը և արձանագրված խախտումների հետևանքների վերացումը այդ թվում՝ հրադադարի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը, նախարարության համոզմամբ, կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։