ՌԱԴԻՈ

Ալեն Սիմոնյանը գերազանցել է լիազորությունները. իրավաբանները բացել են օրենքը և համոզվել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով նիստի ուղիղ հեռարձակումն ընդհատելուն։
Sputnik
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը փաստացի գերազանցել է իր լիազորությունները և կամայականորեն արգելել այսօրվա նիստի ուղիղ հեռարձակումը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կոմիտեի իրավաբանները ևս մեկ անգամ բացել են ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը և համոզվել, որ ԱԺ խոսնակը նիստերի ուղիղ հեռարձակումը դադարեցնելու լիազորություններով օժտված չէ։
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունն այսօր Ազգային ժողովում ընթացավ լարված մթնոլորտում։ Նիստերի դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց ընդհատել ուղիղ եթերը։ 
«Դա շատ վատ նախադեպ է, կամայական որոշում է, որը չի բխում որևէ իրավական ակտից, հետևաբար կոմիտեն իր հայտարարության մեջ պահանջել է պարզաբանումներ ԱԺ ղեկավարությունից, թե ինչ իրավական հիմքով է նիստի ուղիղ հեռարձակումը կասեցվել»,– ասաց Մելիքյանը։
Իսկ ինչ վերաբերում է այն իրողությանը, որ լրագրողներին անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել աշխատել իրենց համար նախատեսված օթյակում, ապա, ըստ Մելիքյանի, նման երևույթը խիստ դատապարտելի է, և նման քայլը կարելի է նույնիսկ գնահատել որպես գրաքննություն, քանի որ ամենևին անվտանգության աշխատակիցների գործառույթը չէ որոշելու, թե լրագրողները բաց նիստի որ մասը պետք է լուսաբանեն, նկարահանեն, որը` ոչ։
ՌԱԴԻՈ
Քաղաքական ճգնաժամը պարզապես տեղափոխվել է Ազգային ժողով. քաղտեխնոլոգ
«Անհրաժեշտություն կլինի, որպեսզի հստակեցվի լրագրողների գործունեության կանոնակարգը և մեր հայտարարություններում մենք պահանջ ենք ներկայացրել, որ բոլոր սահմանափակումները վերացվեն մինչև լայն քննարկումների մեկնարկը, երբ հավատարմագրված լրագրողների, անկախ փորձագետների, միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կգտնվեն լուծումներ` հաշվի առնելով միջազգային փորձը, լրագրողական աշխատանքի միջազգային չափանիշները և իհարկե այն դրույթը, որ լրագրողների համար խորհրդարանում պետք է ստեղծվեն աշխատանքային բարենպաստ պայմաններ»,– ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Աժ–ում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր գործընկեր կազմակերպությունների հետ հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես օգոստոսին 3-ին հայտարարություն տարածվեց ԱԺ–ում լրագրողների տեղաշարժի անհիմն սահմանափակումների վերաբերյալ, երկու օր անց կոմիտեն վերահաստատեց իր մոտեցումներն առ այն, որ լրագրողների հետ կատարվածն ավելի շատ հիշեցնում է կամայականություն և չի բխում ազատ խոսքի և լրագրողների անկաշկանդ գործունեության սկզբունքներից։