Շենգավիթցի «Կյաժ Աշոտի» սպանության համար հետախուզվողներից ևս մեկը հայտնաբերվեց. տեսանյութ

Դեռ նախորդ տարի տեղի ունեցած 28-ամյա երիտասարդի աղմկահարույց սպանության հետաքննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Այսօր ոստիկանները Լեոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա նախորդ տարվան հունիսից հետախուզվում է սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել
«Բերման ենթարկվելուց րոպեներ առաջ 31-ամյա տղամարդը պատշգամբից բակ էր նետել «Մակարով» ատրճանակ, որը հայտնաբերվել է, իսկ նրա վարձակալած բնակարանում գտնվել է հրազեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ  այսօր բերման ենթարկված տղամարդը Աշոտ Պետրոսյանի (Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտի») սպանության համար հետախուզվողներից մեկն է։
Հիշեցնենք՝ 2020 թվականի հունիսի  9-ին Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում  Աշոտ Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն էր եղել, ապա բազմաթիվ կրակոցներ էին հնչել։ 28-ամյա Աշոտ Պետրոսյանը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել էր՝ ստացված հրազենային կրակոցներից։ Ի դեպ, Աշոտ Պետրոսյանը «Ռիմա Թրավել» զբոսաշրջային ընկերության սեփականատերն էր։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել էին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել էին դեպքի հանգամանքները, ութ անձի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Հետախուզվողներից 7-ը հայտնաբերվել են։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Այս պահին ոստիկանները փնտրում են հետախուզվող ութից վերջինին՝ առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեղադրանքով։
Ահազանգ. կրկին Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում