ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Առաջին խոշոր ռազմատեխնիկական համագործակցության՝ Ռուսաստանից զինամթերք ներկրելու պայմանագիրը կնքվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ եթե իշխանությունները հիմա համեմատություններ են անում սպառազինություն ձեռք բերելու առումով, ապա ինքն էլ թվային տվյալներ կհայտնի։
«Քոչարյանի ժամանակ էր, որ առաջին Ս-300-ները՝ 3 զենիթահրթիռային համակարգ, բերել ենք Հայաստան։ Բացի այդ, Ռուսաստանը 2 ԻԼ-76 ինքնաթիռ է նվիրել մեզ, գումարած դրան՝ մեկ ԻԼ-76 ինքնաթիռ էլ գնել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ։ Այս բոլորի հանրագումարն ավելի մեծ է, քան իշխանական տարբեր պատգամավորների նշած թվերի համեմատությունները՝ միլիոնների առումով»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` իր որպես պաշտպանության նախարար եղած ժամանակ 1300 չվերթով սպառազինություն է ներկրվել Ռուսաստանից, այդ թվում՝ Ս-300-ի ևս 3 համակարգ, «Տոչկա-Ու», «Իսկանդեր»։ Օհանյանը նշեց` սպառազինության մատակարարման գործընթացը անընդհատ է եղել զինված ուժերում, և անհամեմատելի են գործողությունները, որոնք կատարվել են մինչև 2018 թվականը և 2018 թվականից հետո։
«Անձամբ ես իմ գործընկերների, տարբեր բարերարների կողմից 11 միլիոնից ավելի ֆինանսներ ու նյութական միջոցներ` մեքենաներ և ծառայողական մեքենաներ եմ բերել և նվիրատվություն տվել բանակին։ Իհարկե, թերություններ եղել են, սակայն չի կարելի շեշտը դնել դրանց վրա»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` իշխանության ներկայացուցիչները թիրախավորել են բանակը, այնինչ ՀՀ ԶՈւ հպարտության արժանի ճանապարհ է անցել։