Պե՞տք է արդյոք հետազոտվել պատվաստվելուց առաջ. պարզաբանում է բժիշկը

Բժիշկ Դավիթ Պետրոսյանն իր մասնագիտական կարծիքն է հայտնում «արդյոք պետք է հետազոտվել պատվաստվելուց առաջ» հարցի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Եթե մարդն առողջ է, ապա պատվաստվելուց առաջ հատուկ հետազոտություններ անցնելու կարիք չկա։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում բժիշկ Դավիթ Պետրոսյանն իր մասնագիտական կարծիքն է հայտնում «արդյոք պետք է հետազոտվել պատվաստվելուց առաջ» հարցի վերաբերյալ։ Հենց սկզբում նշում է՝ խոսքը վերաբերում է, մարդկանց այն մեծ խմբին, որոնք դիմում են պատվաստման համար։
Պատվաստման համար կարելի է հերթագվել նաև բջջային հավելվածով
«Մարդը, որն իրեն առողջ է զգում, իր ինչն է հետազոտելու։ Արյունը հետազոտի, կլինի նորմալ պատասխան, մեզը հետազոտի կլինի նորմալ պատասխան, թոքերի ռենտգեն անի, կլինի նորմալ, լյարդի ֆունկցիան ստուգի, հավանականությունը շատ մեծ է, որ էլի նորմալ կլինի»,- նշում է բժիշկը։ Նրա կարծիքով՝ այս ամենի համար մարդը կծախսի մեծ գումարներ, հետո կգնա պատվաստվելու։
Նշում է՝ եթե հանկարծ պետությունն իր վրա վերցնի այդ հսկայական ծախսերը, ինչն աշխարհում ոչ մի պետություն չի անում, ապա դա լրացուցիչ շատ մեծ բեռ կդառնա երկի համար։
Հավելում է՝ ի վերջո, ամենակարևոր հետազոտությունները պատվաստվելուց անմիջապես առաջ արվում են՝ չափվում է ջերմությունը, զարկերակային ճնշումը, սրտի աշխատանքը և այդպես է ամբողջ աշխարհում։ Բժիշկը պնդում է՝ այս հետազոտությունները լրիվ բավարար են պատվաստվելուց առաջ։
Ինչպես արդեն հայտնել էինք, Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 194902 պատվաստում, որից 132529–ը` առաջին դեղաչափ, 62373–ը` երկրորդ դեղաչափ։