ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի, Sputnik - Արմենուհի Մխոյան. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շնորհիվ կառուցվում է նոր ժամանման սրահ ու ամբողջությամբ նորոգվում է վազքուղին: 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն ունեցող վազքուղին վերջին անգամ հիմնանորոգվել է 14 տարի առաջ, մինչդեռ շահագործման համար ընդունված է 8-10 տարին:
«Թեև վազքուղու ասֆալտապատման ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի վազքուղին վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին՝ 14 տարի առաջ: 14 տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր և վնասվածքներ: Կրիտիկական վիճակ էր»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը։
Технический директор ЗАО «Международные аэропорты Армении» Ашот Мирзоян
© Sputnik / Aram Nersesyan
Նա տեղեկացրեց, որ ասֆալտային շերտի ամրության համար ավելացվում են հատուկ հավելանյութեր, որոնք օգտագործվում են նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ի դեպ, վազքուղին քաղավիացիայի ու ՀՀ ՊՆ համատեղ օգտագործման համար է:
Նշենք, որ շինարարություն իրականացնելու համար հայտարարված բաց մրցույթում հաղթող էր ճանաչվել «Էյ ԲԻ ԲԻ» ընկերությունը, որն էլ իրականացնում է շինարարական աշխատանքները:
Վազքուղու համար կառուցվում է նաև նոր ջրահեռացման համակարգ:
Պատասխանատուն վստահեցնում է՝ այս անգամ է’լ ավելի բարձր որակով է նորոգվում վազքուղին:
«Շնորհիվ հավելանյութերի, դրինաժային համակարգի և լավ կատարվող աշխատանքների՝ նախատեսում ենք 15 տարի սպասարկում»,- նշեց Աշոտ Միրզոյանը:
Այս աշխատանքներին զուգահեռ կառուցվում է նաև ժամանման նոր սրահ:
«Հին սրահը, որն ունի 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից, և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ։ Նորը կունենա 870 քառակուսի մետր մակերես, որտեղ կգործի անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն»,-ներկայացնում է Սևակ Թահմասյանը՝ «Արմենիա» միջազգային օդանավակայանների ենթակառուցվածքների բաժնի շինղեկավարը:
Начальник отдела строительства инфраструктуры международных аэропортов Армении Севак Тахмасян
© Sputnik / Aram Nersesyan
Նոր սրահը կունենա 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունը անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել: «Շիրակ» օդանավակայանի փաստացի թողունակությունը տարեկան կազմում է 250000 ուղևոր, որը կհասցվի 700000-ի: Նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին։