ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Այսօր հրդեհ է բռնկվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 16:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում բռնկված հրդեհը մարվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ տվյալներով՝ հրդեհի հետևանքով այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։
Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում հրդեհ է բռնկվել:
Հավելենք, որ նույն հատվածում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ին։ Դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել էին, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը` հայկական կողմում։
Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 9-ին` ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։