ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույց է ունեցել։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ քննարկում է կազմակերպել Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը:
«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում, կազմակերպում են կեղծ դատավարություններ», - քննարկման ժամանակ ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Քննարկման մասնակիցների թվում է նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը:
Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։
Հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։