ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածի մարտական հենակետ

Զասի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Զասին ուղեկցել են ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանն ու մի շարք սպաներ։
Ստանիսլավ Զասն այցելել է Եռաբլուր. տեսանյութ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում։ Տեղում նա ծանոթացել է սահմանային իրավիճակին։
«Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը։ Նա նաև զրուցել է զինծառայողների հետ։
Այցի ընթացքում նա պատասխանել է լրագրողների հարցերին՝ ներկայացնելով ՀԱՊԿ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և լարվածությունը թուլացնելուն միտված միջոցառումների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն։ Վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել աշխատանքերն այդ ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Արարատի զորամաս։ Նա ընդգծել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսողության դաշտում:
Զասն ու ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել են ՀԱՊԿ-ի համար նոր զենք մատակարարելու հարցը
«Մենք լրջորեն անհանգստացած ենք, որ վերջերս բախումները սահմանին շատացել են, և նկատվում է ինտենսիվություն: Դա չի նպաստում նշված աշխատանքները սկսելուն: Եվ բացի այդ, դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ»,- նշել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք` Զասը Հայաստան է ժամանել երեկ` օգոստոսի 9-ին։ Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։