ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի -Sputnik. «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ԱԺ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում մեկնաբանեց, թե երբ ու ինչու է լքել ՀՀԿ–ի շարքերը։
«2017թ–ի դեկտեմբերին ես ընտրվել եմ ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար և դադարեցրել եմ իմ անդամակցությունը համաձայն իմ դիմումի 2018թ–ի հուլիս կամ օգոստոս ամիսներին»,– ասաց Վահե Հակոբյանը։
ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե ինչն է եղել պատճառը և հիշեցրեց, որ իշխանությունից զրկված ՀՀԿ–ի շարքերը այդ ժամանակահատվածում շատերն էին լքում։
«Մեկ բանով էր պայմանավորված` այլևս չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ` այդ պահին։ Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն, հարգելի՛ գործընկերներ»,– ասաց Հակոբյանը։
Իսկ թե ինչու չվերադարձավ ՀՀԿ, Վահե Հակոբյանը մեկնաբանեց նրանով, որ երբ որոշեց վերադառնալ քաղաքականություն, հստակ որոշում ուներ սեփական կուսակցությունը ստեղծելու։
«ՀՀԿ–ի լավ և վատ կողմերը, բացթողումները անալիզ անելով` մենք որոշեցինք ստեղծել այն կուսակցությունը, որով կկարողանայինք հանդես գալ Հայաստանի քաղաքական կյանքի մեջ»,– ասաց Հակոբյանը։
«Հայաստան» դաշինքն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։
ԱԺ օգոստոսի 9-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիրը» Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունները։