ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ապագայում Covid-19–ը մրսածության ևս մեկ տեսակ կլինի, կարծում է Արևելյան Անգլիայի համալսարանի Նորիջի բժշկական դպրոցի պրոֆեսոր Փոլ Հանթերը։ Գիտնականի հետ զրույցը հրապարակվել է The Spectator–ում։
Միևնույն ժամանակ բրիտանացի պրոֆեսորը նշում է, որ SARS-CoV-2–ը չի վերանա և ամենայն հավանականությամբ դեռ բազմաթիվ անգամ կվարակի մարդկությանը։
Հանթերը կարծում է, որ աշխարհին չի հաջողվի կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերել, սակայն հավասարակշռություն կգտնվի անվարակունակության և վարակների միջև։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն` Covid-19–ի ախտանշանները աստիճանաբար կմոտենան կորոնավիրուսի թեթև ընթացք ունեցող հիվանդների ախտանշաններին։ Արդեն այսօր «Դելտա» մանրէահիմքն առավել հաճախ արտահայտվում է կոկորդի ցավով և հարբուխով։
«Նոր մանրէահիմքերը կա՛մ ավելի վարակիչ են, կա՛մ շրջանցում են ձևավորված իմունիտետը։ Սակայն ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ «Դելտա» մանրէահիմքը կարող է վարակի վերջնակետը դառնալ», – կարծում է Հանթերը։
Այնպես որ, ըստ պրոֆեսորի, համավարակի վատագույն շրջանն անցյալում է` համենայնդեպս Մեծ Բրիտանիայում։ Սակայն բնակչությունն ամեն դեպքում նորից պատվաստվելու կարիք կունենա։
Ավելի վաղ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել էր, որ ապագայում կորոնավիրուսը նույնքան կառավարվող հիվանդություն կդառնա, ինչպես գրիպը, քանի որ դրա դեմ պայքարելու համար արդեն իսկ պատվաստանյութ են մշակել։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանում պայքարի ադեկվատ միջոցներ կհայտնվեն, որոնք վերահսկելի կդարձնեն վարակը։