ԱՀ-ի ու ՀՀ-ի արտգործնախարարներն անդրադարձել են ռուսական խաղաղապահ առաքելության դերին

Երկուստեք կարևորվել է արցախյան հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ։ Տեղեկացնում են ԱՀ ԱԳ մամուլի ծառայությունից։
«Քննարկվել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գործընկերները բարձր են գնահատել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։
Ընդգծվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը։
Քննարկվել են Արցախի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։