ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտում առկա ջրի խնդիրն Ադրբեջանի հետ առնչություն չունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռադի Աբրահամյանը` անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին։
Մի քանի օր է, ինչ Ստեփանակերտում ջրի խնդիր կա. սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ Ստեփանակերտում ջրի պակասը կապված է այն հանգամանքով, որ իբրև թե Ադրբեջանն է փակել դրա հոսքը։ Այսինքն` իբրև դա կապված է Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող Ղայբալիշենի պոմպի աշխատանքի հետ։
«Այդ թեմայով լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Ջրի պակասության պատճառն աննախադեպ շոգերն են»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական կողմը ոչ մի բան չի կարող անել, քանի որ պոմպը չեզոք գոտում է` ինչքան ադրբեջանական կողմի, այնքան էլ` մեր վերահսկողության ներքո է։ Ըստ Աբրահամյանի, եթե պոմպի տարածքում ինչ–որ աշխատանքներ կատարելու խնդիր առաջանա, ապա խաղաղապահների միջոցով պետք է արվի։ Ստեփանակերտի փոխքաղաքապետը շեշտեց` այս պահին նման խնդիր չկա։
«Ստեփանակերտի բնակչությունն ավելացել է, ջրի ծախսն էլ` հետը։ Հիմա հույսը եղանակի փոփոխությունն է, բացի այդ, երկարաժամկետ ծրագիր կա ջրամբար կառուցելու առնչությամբ»,–ասաց Աբրահամյանը։
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հիմա իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Ստեփանակերտի ջրամատակարարումը կարգավորվի և մարդիկ ջուր ունենան։
«Կարծում եմ, որ իրավիճակը շուտով բարվոք կլինի, բայց պետք է արձանագրել, որ Արցախն այս պահին ջրային անվտանգության առումով անհամեմատ խոցելի է, մինչդեռ 44-օրյա պատերազմից առաջ Արցախն այդ առումով ամենաապահովված երկրներից մեկն էր։ Հիմա խնդիրը հնարավոր է լուծել բացառապես խաղաղապահների աջակցությամբ` իրականացնելով ընդհանուր ծրագրեր»,– ասաց Բաբայանը։
Ի դեպ, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ստեփանակերտում առկա խմելու ջրի մատակարարման խնդիրների թեմայով։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տեղեկատվությամբ` Ստեփանակերտի բնակչությունը կանգնել է խնդրի առջև, քանի որ շոգ եղանակների ու անձրևների բացակայության պատճառով ջրառներում առաջացել է ջրի պաշարների սղություն: