Ներկա դրությամբ Չինաստանից ապրանք ներկրելը լոգիստիկ առումով բավականին թանկ է, և հենց դա է պատճառը, որ փորձում են կրկին ապրանքներ ներկրել Թուրքիայից, որտեղից նախկինում բերել են և իներցիայով ձգտում են շարունակել այդ գործընթացը` կապը չխզելով գործընկերների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սամսոն Գրիգորյանը։
«Իսկ տեղում արտադրություն կազմակերպելը խնդրահարույց է, խանգարում է հարկային դաշտը, ժողովրդի գնողունակությունը ցածր է, սպառման ծավալները փոքրացել են, մինչդեռ հագուստի կամ այլ ապրանքատեսակների արտադրություն կազմակերպելու համար նախևառաջ պետք է ապահովել համապատասխան ծավալներ, որովհետև փոքր ծավալների դեպքում ձեռնտու է ներկրումը»,– ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը։
Գրիգորյանի կարծիքով` թուրքական ապրանքների ներկրման արգելքը պետության քայլերի հետ կապելը ճիշտ չէ, դա եղավ պահի թելադրմամբ։ Պետությունը պարզապես մեծ անելիքներ ունի Հայաստանում փոքր արտադրությունները զարգացնելու համար, դրանց խթանումն իր հերթին կարող է հիմք հանդիսանալ ընդհանուր արդյունաբերության զարգացման համար։ Որոշ տնտեսվարողներ հույսը չեն կտրում, որովհետև արգելքը վեց ամսով է, բայց պետք է հասնել նրան, որ մեր ձեռներեցները հույսը կտրեն Թուրքիայից։
Գործարարի պնդմամբ` դա մեզ թշնամաբար տրամադրված պետության հետ ապրանքաշրջանառության արգելք է, որը կապ չունի ճանապարհների ապաշրջափակման հետ։ Երկու երկրների սահմաններն արդեն երեսուն տարի փակ են, և սա չէ այն քայլը, որ կարող է դիտվել որպես էական ու վճռորոշ։ Պարզապես քաղաքական որոշում է, և արգելքը պատեհ առիթ է, որպեսզի մեր պետությունը ստեղծի համապատասխան միջավայր թեթև արդյունաբերության զարգացման համար։ Խնդիրը հիմնականում վերաբերում է պետական կառավարման համակարգին, հարկային կառուցվածքին և վերահսկման մեխանիզմներին։
ՊԵԿ–ի հաղորդագրության համաձայն` վերջին շրջանում հաճախակի են դարձել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։
Հիշեցնենք, որ 2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։ ՀՀ կառավարությունը հունիսի 26-ի նիստում վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։