ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» ակումբից հեռանալը ոչ միայն հոգեբանական, այլև ֆինանսական հետևանքներ կարող է ունենալ ակումբի համար։ Այս մասին գրում է Brand Finance-ը։
«Բարսելոնան» ներկայումս ֆուտբոլային ակումբի արժեքներով երկրորդ բրենդն է աշխարհում (առաջինը «Ռեալ Մադրիդն» է - խմբ․)։ Սակայն Մեսսիի հեռանալով կատալոնական ակումբի բրենդի արժեքը կարող է 11%-ով նվազել 2021-ի համեմատ, որը հավասար էր 1,27 մլրդ եվրոյի։ «Բարսելոնան» կարող է կորցնել 137 մլն եվրո։
Սպասվում է, որ Մեսիի հեռացումը բացասական ազդեցություն կունենա «Բարսելոնայի» ապագա հովանավորչական եկամուտների, ապրանքների վաճառքի և խաղերի եկամուտների վրա: Սա կարող է նաև անուղղակիորեն նպաստել բրենդի արժեքի նվազմանը, քանի որ «Բարսելոնայի» բրենդի ուժը կարող է թուլանալ երկրպագուների ընկալման և ակումբի գլոբալ ազդեցության նվազման պատճառով:
Ակումբում պոտենցիալ կորուստներից են հովանավորչականը՝ 77 մլն եվրո, խաղային օրերինը՝ 17 մլն, ակումբային ատրիբուտների վաճառքինը՝ 43 մլն։
Հիշեցնենք` օգոստոսի 8-ին տեղի ունեցած հրաժեշտի ասուլիսում Մեսսին հուզվել էր և հայտարարել, որ հույս ունի ապագայում վերադառնալ կատալոնական ակումբ։ Ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքում ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։
Մեսսին «Բարսելոնայում» է մարզվել 2001 թվականից։ Նա հեռացել է ակումբից ֆինանսական խնդիրների պատճառով․ ակումբն առաջարկել էր նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, որով կրկնակի կրճատվելու էր նրա աշխատավարձը։