Մեր համբերությունը նույնպես անսպառ չէ. ՀՀ պաշտպանության նախարարը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Արշակ Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանի սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում հայկական կողմն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները»,– ասել է Կարապետյանը:
Встреча министра обороны Аршака Карапетяна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը
Նա շեշտել է, որ Հայաստանը իհարկե, ձգտում է խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը:
«Միևնույն ժամանակ մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»,– նշել է նախարարը։
Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:
ՀՀ պաշտպանության նախարարը Զասին տեղեկացրել է նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարարին շնորհավորել է պետական բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Встреча министра обороны Аршака Карапетяна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн
Ստանիսլավ Զաս
Այնուհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:
Հիշեցնենք` Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Զասը Հայաստան է ժամանել այսօր` օգոստոսի 9-ին։
Ստանիսլավ Զասը ՀՀ ԱԽ գրասենյակում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը