ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Կապանի համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Որոշումը կայացվել է օգոստոսի 9-ին Կապանի ավագանու արտահերթ նիստում՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ:
Օրակարգում ընդգրկված էր 31 հարց։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի 127-Ա և 128-Ա որոշումների մեջ, ըստ որոնց՝ համայնքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կբարձրանա 10%-ով։
Ավագանին նաև հաստատել է նախագծեր, որոնք հիմնականում վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին, Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2022 թվականի ծրագրով նախատեսված նորոգման աշխատանքներին, համայնքի բնականոն կենսագործունեությանն առնչվող հարցերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանին հավանություն էր տվել նախագծին, որով առաջարկվում էր Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել մոտ 30%-ով։