Հայաստանում ձվի գինն այլևս չի աճում, նույնիսկ 2-3 դրամով իջել է։ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կարծում է, որ առաջիկայում ձվի շուկայում գնի կտրուկ աճ չի լինի։
«Իսկ եթե որևէ ընկերություն փորձի գին բարձրացնել, պետք է լինի խոշոր արտադրող, բայցևայնպես այժմ գնի բարձրացման միտում չի նկատվում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Ստեփանյանին մտահոգում է միայն այն հանգամանքը, որ թռչնի կերը, ի տարբերություն նախորդ տարիների, ամեն ամիս բարձրանում է, մինչդեռ նախկինում տարվա մեջ թանկանում էր 2-3 անգամ։
«Ձվի ինքնարժեքի մեջ 65 տոկոսը հենց կերն է։ Կա նաև լոգիստիկ ծախսերի փոփոխություն, էլ չենք խոսում արտարժույթի տատանումների մասին։ Թռչնաբուծական ընկերությունները փորձում են վնասով չաշխատել։ Գիտեք չէ, որ այս տարի երաշտ է և դեռ հայտնի չէ, թե Ռուսաստանից որքան թռչնի կեր կներմուծվի Հայաստան»,– նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը։
Ստեփանյանի խոսքով` ՀՀ–ում կերի արտադրություն կազմակերպելու հարցը բարձրաձայնվում է տարիներ շարունակ, միայն 200 հեկտար անմշակ տարածքներ կան, հողը կորոզիայի է ենթարկվում, իսկ մենք վրացիներից եգիպտացորեն ենք խնդրում, մինչդեռ պետք է հետ վերցնել տարածքները սեփականատերերից, որոնք անգործության են մատնված, կամ պրոգրեսիվ հարկ կիրառել նրանց նկատմամբ, թեև կան նաև ֆերմերներ, որոնք պատրաստ են հողատարածքները տրամադրել վարձակալությամբ։
«Կարծում եմ` ձվի շուկայում գնի շուրջ ընկերությունների միջև ստվերային համաձայնությունները մնացել են անցյալում։ Ինչ եղավ, պատժվեցին։ Նույնիսկ մեր միությանն էին մեղադրում, թե իբր աչք է փակել խնդրի վրա, հետո պարզվեց, որ մեր միությունը գնագոյացման հետ կապ չունի։ Շուկայական գինը յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է որոշում։ Նախկինում տեսել են, որ ձվի գինը բարձրացել է, ագահություն են դրսևորել և նորից բարձրացրել։ Անկախ ամեն ինչից` գոյություն ունի տարածաշրջանային գին, և Հայաստանում ու Վրաստանում ձվի գինն այս պահին համեմատաբար ցածր է»,– ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը։
Ստեփանյանի խոսքով` եթե արտադրողը որոշում է գին բարձրացնել, ապա այդ քայլը պետք է արդարացված լինի, բայց եթե տնտեսվարողն ամեն անգամ պետք է տուգանվի և տուգանքի չափն ավելի մեծ լինի, քան ակնկալվող եկամուտը, նշանակում է, որ այդ տնտեսվարողը ոչինչ չի հասկանում և շատ թույլ է։
Հիշեցնենք` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը:
Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում նշված ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել հավի ձվի իրացման գինը, այլև իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են հավի ձվի իրացման գների բարձրացման:
«Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: