«Դժվարությամբ, բայց շնչում եմ»․ երգչուհի Մաքսիմը կոմայից հետո առաջին գրառումն է արել

Երգչուհին շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի ամբողջ անձնակազմին։ Նրան թվացել է՝ երկու օր է կոմայի մեջ եղել, ոչ թե մեկ ամիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Երգչուհի Մաքսիմը կոմայից դուրս գալուց հետո առաջին գրառումն է արել Instagram-ում։
«Բարև բոլորին, ես կրկին ձեզ հետ եմ: Հսկայական աջակցության համար առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում անկեղծորեն անհանգստացել են ինձ համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին և թիվ 52 հիվանդանոցի ամբողջ անձնակազմին: Նրանք իրենց գործի պրոֆեսիոնալներ են, որոնք փրկեցին ինձ», - գրել է Մաքսիմը։
Նա հայտնել է, որ այսօր իրեն տեղափոխում են վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ։ Երգչուհուն թվացել է՝ երկու օր է կոմայի մեջ եղել, ոչ թե մեկ ամիս։
«Հիմա ես դեռ շատ թույլ եմ, երբ փորձում եմ քայլել, ուժեղ գլխապտույտներ են սկսվում։ Բայց հուսով եմ` շուտով կկարողանամ տուն վերադառնալ, որպեսզի գրկեմ ընտանիքս։ Թռիչքներն ու ելույթները ինչ-որ ժամանակ ինձ արգելված են բժշկի կարգադրությամբ։ Թոքերս դեռ վերականգնվում են, լարել չի կարելի։ Բայց ես շնորհակալ եմ, որ դժվարությամբ, բայց շնչում եմ», - գրել է երգչուհին։
Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում է։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։
Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%–ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։
Ծիծաղում է և կատակում. երգչուհի Մաքսիմը լրիվ գիտակցության է եկել