«Դավաճանների պաստառները պոկեք, ոչ թե իմ»․ Անդրեն պատմել է՝ ինչ է անելու Ստեփանակերտում

Արցախի պետական նախարարն իր հերթին նշել է, որ Արցախում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Instagram-ի իր ուղիղ եթերում երգիչ Անդրեն բացատրել է իր հետևորդներին, թե ինչ ֆորմատով է հանդիպելու իր արցախցի երկրպագուների հետ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր ժամը 20:00-ին։
«Դուք պետք է դավաճանների պաստառները պոկեք, ոչ թե իմ․․․ Ես համերգ չեմ անցկացնելու Ստեփանակերտում, դա հանդիպում է լինելու արցախցիների հետ», - ասել է Անդրեն։
View this post on Instagram
A post shared by Andre (@andrehovnanyan)
Ավելի վաղ Ստեփանակերտում տեղադրված Անդրեի պաստառներն անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը պոկել էր՝ ասելով․ «Խոխիս կպիրաք, նոր կանցերտ կտաք»։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այս առիթով Facebook-ում նշել է, որ Արցախում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու։
«Այս որոշման նպատակն այն է, որ քանի դեռ 2020թ. պատերազմի զոհերի տարին չի լրացել, մենք խոշորամասշտաբ համերգային միջոցառումներ չպետք է կազմակերպենք՝ հաշվի առնելով հասարակության մեջ ընդունված բարոյական կանոններն ու արժեքները: Կարծում եմ՝ այդ առումով մեկ տարին ողջամիտ ժամկետ է հանրային նման միջոցառումների սահմանափակման համար: Այս որոշումը կայացրել ենք ոչ միայն այն պատճառով, որ մենք էլ ենք այդպես կարծում, այլև հատկապես այն նպատակով, որ կանխենք հասարակության մեջ երկպառակտում խթանող միջադեպերն ու վեճերը», - գրել է Բեգլարյանը։
Անդրադառնալով Անդրեի համերգի թեմային՝ Բեգլարյանը գրել է, որ գլխավոր խնդիրը ոչ արդյունավետ հաղորդակցությունն էր լիազոր մարմինների հետ:
Եռաբլուրի հերոսներին 2 բան ունենք ասելու. Դավիթ Ամալյանը` հաղթանակի ու պարտության մասին
Մասնավորապես, տվյալ հարցով զբաղվել է մշակույթի ոլորտում որևէ լիազորություն չունեցող պաշտոնատար անձ ու մարմին, և ԿԳՄՍ նախարարն ու պետնախարարը պլանավորվող համերգի մասին տեղեկացել են հայտարարության տարածումից օրեր անց՝ օգոստոսի 5-ին:
«Ես նույն օրը զանգահարել եմ Անդրեին, հարցը քննարկել նրա հետ ու առաջարկել համերգը տեղափոխել Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատ: Եվ այդ նույն առաջարկը կանեի, եթե Անդրեի փոխարեն մեկ այլ (ներառյալ՝ աշխարհահռչակ) մշակութային գործիչ լիներ», - գրել է Արցախի պետական նախարարը։
Բեգլարյանը վերջում նշել է, որ համոզված է, որ Անդրեն որևէ նպատակ չի ունեցել անհարգալից կերպով վերաբերվելու զոհերի հարազատներին, ընդհակառակը՝ որոշել է իր ներկայությամբ ու արվեստով սատար կանգնել իր հայրենակիցներին:
«Մամ, մինչև չգնամ, կռիվը չի վերջանա». Եռաբլուրում հետմահու պարգևատրեցին Հայկազ Մկրտչյանին