ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի հարավարևմուտքում հրշեջները փորձում են հսկողության տակ վերցնել «Դալաման» օդանավակայանի շրջանում բռնկված անտառային հրդեհը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի «Դալաման» օդանավակայանի շրջանում բռնկված անտառային հրդեհի մարմանը մասնակցում է ավիացիան, հայտնել է հանրապետության անտառային տնտեսության վարչությունը:
«Մեր օդային ուժերը ձեռնամուխ են եղել Դալամանում անտառային հրդեհի մարմանը։ Հրդեհի տարածման վտանգը դեռ մնում է», - հայտնել Է գերատեսչությունը։
Մինչդեռ TRT հեռուստաալիքի տվյալներով` հրդեհն արդեն վերահսկողության տակ է, աշխատանքներ են տարվում տարածքի սառեցման ուղղությամբ:
Ինչպես հայտնել են օդանավակայանից, անտառային հրդեհը չի ազդել դրա աշխատանքի վրա։
Նախօրեին երկրի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել էր, որ 5 անտառային հրդեհների մարումը շարունակվում է Թուրքիայի հարավում, այդ թվում 4-ը՝ Մուղլա առողջարանային նահանգում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8 –ի, տուժածների թիվը 864 է: