ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Դավիթյանը պայմանագիր է կնքել ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ողջունում ենք Դավիթին «Խիմկիում» և մաղթում հաջող ելույթներ մեր ակումբում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Դավիթյանը համալրել է ակուբի կազմը՝ «Ռոստով» ՖԱ-ի հետ հանդիպումից առաջ։
Դավիթյանի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ ավարտվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։
«Ալաշկերտի» կազմում Դավիթյանն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն, անցկացրել է 19 հանդիպում՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 գոլային փոխանցմամբ:
23-ամյա Դավիթյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին: