ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած ավտովթարից հետո վարորդների միջև սկսել է վիճաբանություն, ապա տեղի է ունեցել դանակահարություն։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում։ Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ բախվել են «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։ Նշվում է, որ «Օպելը» բախվել է քաղաքապետարանի մոտ կայանված «Մերսեդես»-ին, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
Կայքի տեղեկություններով՝ վթարից հետո սկսված վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Մասնավորաբար, ոմն Սերժիկ Գրիգորյանը, ում բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը ճշտվում են, դանակով հարվածել է 24-ամյա Վահան Միրզոյանին։ Ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նաև ներկա գտնվողներից 22-ամյա Վահան Մեսրոբյանը։
Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։