ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ՆԳՆ–ն 1 մլն ռուբլի պարգև է խոստացել Մերձմոսկվայի ժամանակավոր մեկուսարանից փախուստի դիմած մարդասպաններից մեկին` «Մսի արքայի» սպանության մեջ մեղադրվողին գտնելու հարցում օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին գրված է գերատեսչության կայքում։
«ՌԴ ՆԳՆ–ն 1 մլն ռուբլի պարգև է խոստանում սպանություն կատարելու, շորթման, ապօրինի ազատազրկման և բանտից փախուստի դիմելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Մավրիդի Նիկոլաևիչի (ծնված 16.01.1971թ.) հետախուզման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՔԿ տվյալներով` գործարար Վլադիմիր Մարուգովի սպանության և մայրաքաղաքի փաստաբանին պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Մավրիդին օգոստոսի 6-ին գողության մեջ մեղադրվող 4 տղամարդկանց հետ փախուստի է դիմել Իստրայում գտնվող մեկուսարանից։
Ոստիկանությունը խնդրում է բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն որոնվողի գտնվելու վայրի վերաբերյալ, զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 02, +7 (495) 994-50-64, +7 (495) 609-77-06։
Դիմողների տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորվում են։