ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Պատերազմի օրերին ընկույզի վաճառքով հայտնի դարձած փոքրիկ Վահեին վիրահատել են։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։
«Օրերս 7-ամյա Վահե Հովհաննիսյանը շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վահեն արդեն իրեն շատ լավ է զգում և անհամբեր սպասում է ընտանիքի համալրմանը։ Պարզվում է՝ շուտով Վահեն եղբայր է ունենալու, անունն էլ ինքն է որոշել՝ Մոնթե։
Փոքրիկը նաև մասնագիտության հարցում է կողմնորոշվել. հետախույզ է դառնալու։
Հիշեցնենք՝ պատերազմի օրերին արմավիրցի փոքրիկ Վահեի պատմությունը բոլորին հուզեց։ Տղան օրեր շարունակ ընկույզ էր վաճառում Արմավիրի փողոցներում, գոյացած գումարն էլ փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Ընդհանուր առմամբ, փոքրիկին հաջողվել էր 4 միլիոն դրամ փոխանցել հիմնադրամին։ Պատերազմից հետո Վահեին անձամբ Արմավիրի քաղաքապետն էր ընդունել ու շնորհակալություն հայտնել հայրենասիրության հրաշալի օրինակ լինելու համար։