ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Մանկաբույժ–թերապևտ Արմենակ Պողոսյանը, տնտեսագետ Լուսինե Պողոսյանը, արևելագետ Աննան և գինեգործ Մարիամն այժմ իրենց մասնագիտությունները ծառայեցնում են ընտանեկան բիզնեսին` տակառագործությամբ են զբաղվում։ Պողոսյանների ընտանիքը Տավուշի մարզի Տավուշ գյուղում է ապրում։ Նրանք գտել են գյուղը չլքելու իրենց բանաձևը. այժմ արդեն իր անունն ունեցող (Armenian Keg) ընտանեկան բիզնեսը հիմնադրել են դեռ 1992-ին` պատերազմի տարիներին։
«Այդ տարիներին հայրս որպես բժիշկ էր աշխատում, բայց բնականաբար չէր վարձատրվում` գումար չկար։ Հենց այդ ժամանակ էլ որոշել է ընտանեկան բիզնես հիմնել, և ընտրությունը կանգ է առել տակառագործության վրա։ Իհարկե, այստեղ մեծ դեր է ունեցել մորս աջակցությունը, քանի որ սկզբնական շրջանում դրանով գումար վաստակելն անհնար էր, այսինքն` համբերատար սպասել էր պետք»,–պատմում է Աննան ու հավելում` հայրն ամեն ինչին ինքնուրույն է հասել։
Арменак и Лусине Погосян со своей продукцией
© Photo : provided by Poghosyan family
Աննան նշում է նաև, որ ամենադժվարն առաջին քայլերն են եղել։ Սարքավորումների համար գումար հայթայթել էր պետք, իսկ 1990-ականներին մարդիկ փող չունեին։ Սակայն քանի որ Արմենակ Պողոսյանը որպես բժիշկ շատերին էր լավություն արել, 100 ընտանիքից անժամկետ պարտքով գումար են վերցրել, դրանով 7 հաստոց է սարքել ու գործի անցել։
Цех семьи Погосян
© Photo : provided by Mariam Poghosyan
Ի դեպ, Պողոսյանները տակառներ պատրաստում են միայն կաղնու փայտից, քանի որ դրա մեջ հնարավոր է պահել տարբեր խմիչքներ` գինի, կոնյակ, ռոմ։ Տակառն ամբողջությամբ փայտից է` անգամ ծորակը։ Առաջին տակառը, որը 1 լիտրանոց էր, վաճառել են 1995-ին, Վերնիսաժում` 6 դոլարով։ Իսկ հետո տեսնելով, որ պահանջարկ կա, սկսել են ոչ միայն ավելի շատ տակառներ պատրաստել, այլ նաև տակառների չափերը մեծացնել. հիմա արդեն 20 լիտրանոց տակառներ են պատրաստում։ Իսկ տակառները հիմնականում գնում են որպես նվեր տղամարդկանց համար, իսկ ավելի շատ ` դրսում ապրող հայերի համար։
Ի դեպ, Պողոսյանները չեն պատրաստվում միայն տակառագործությամբ սահմանափակվել. արդեն իսկ գինի են հնեցման դրել։ Այս հարցում ընտանիքին օգնում է գինեգործ Մարիամը, որը դեռ տարիներ առաջ է նման նպատակ ունեցել, ու հատուկ դրա համար էլ այդ մասնագիտությունն է սովորել։
Сестры Анна и Мариам Погосяны
© Sputnik / Aram Nersesyan
«Տեսնելով` ինչպես է ընտանիքս ստեղծում մի բան, որը միայն մերն է, մեր ընտանեկանը, դեռ դպրոցական տարիներից որոշել էի` գինեգործ եմ դառնալու ու իմ ներդրումն ունենամ մեր գործում։ Իհարկե, երբ գինեգործություն պիտի սովորեի, շատերը զարմացած էին, քանի որ մտածում էին, որ հայրիկիս պես բժիշկ պետք է դառնամ, մանավանդ` աղջկա համար գինեգործությամբ զբաղվելն այնքան էլ տարածված չէ մեզ մոտ»,–ասում է Մարիամը։
Ի դեպ, հենց Մարիամն է «մեղավոր», որ քույրը` Աննան, արևելագիտությունը թողել և գինեգործությամբ է որոշել զբաղվել. Աննան մի անգամ Մարիամի փոխարեն գնացել է պրակտիկայի` գինու գործարաններից մեկը, ինչն էլ ճակատագրական է եղել Աննայի համար։ Մարիամն ասում է, որ քույրը ժամանակին անգամ գինու հոտը չի սիրել, էլ չասած, որ ընդհանրապես չի խմել գինի։ Իսկ գինու գործարանից ստացած տպավորությունից հետո Աննան գինեգործություն է սովորել և հիմա երկու քույրերով Տավուշում աճող խաղողներից (Սապերավի, Կարմրանյութ) գինի են հնեցման դրել։
Цех семьи Погосян
© Photo : provided by Mariam Poghosyan
«Մենք միայն կարմիր գինի կունենանք. հայրս ասում է` կարմիր գինին միակ խմիչքն է, որը հավասարազոր է արյանը, իսկ արյունը երբեք չի ծերանում։ Այսինքն` առողջարար գինի ենք արտադրելու։ Գուցե միստիկ հնչի, բայց մայրս տարիքով պայմանավորված հոդացավեր ուներ, սակայն մեր գինիներից մեկը խմելուց հետո ցավերն անցել են»,–ասում է Մարիամը։
Իսկ թե ինչու պետք է ընտրել հենց նրանց գինին հայկական գինիների լայն տեսականու մեջ` Մարիամն ասում է, որ իսկական գինուց հասկացողները կգնահատեն իրենցը։ Հարցն այն է, որ դրանք հնեցվելու են իրենց իսկ պատրաստած կաղնու տակառների մեջ, իսկ կաղնին խմիչքին իր համն է տալիս։ Բացի այդ, հատուկ տեխնոլոգիա ունեն, որը, բնականաբար, գաղտնի է։ Չմոռանանք նաև, որ տակառներն իրենց հերթին պատրաստված են այն հաստոցներով, որոնք ընտանիքի հայրն է սարքել։
Арменак Погосян
© Photo : provided by Poghosyan family
«Բացի այդ, կարևոր է, թե որտեղ է աճում խաղողը` Տավուշի խաղողը բավական համեղ է, և մեզ համար կարևոր է, որ հենց մեր տարածաշրջանի խաղողն ենք օգտագործում։ Առհասարակ Տավուշում ապրելն ու այնտեղ աշխատելն է կարևոր մեզ համար` անգամ կրակոցներն են սովորական դարձել, դրանց ձայների ներքո աշխատում ենք»,–նշում է Մարիամը։
Նրա խոսքով` իրենց համար գլխավորն այն է, որ գյուղից չեն կտրվում, քանի որ գյուղը ներդաշնակություն է պարգևում մարդուն, նրա գործին։ Քույրերն ասում են` այս տարիների ընթացքում շատ բան են սովորել ինչպես բնությունից, այնպես էլ ծնողներից։
Продукция семьи Погосян
© Photo : provided by Mariam Poghosyan
Հիմա Պողոսյանների ընտանիքի համար կարևոր շրջան է` պետք է նորից համբերատար սպասեն մինչև շատ տակառներ վաճառվեն, որոնց գումարով գինու ռեզերվուարի պաշարները կավելացնեն և կսկսեն գինեգործությամբ էլ զբաղվել։ Աղջիկները վստահ են` այսգործում էլ են հաջողելու, քանի որ բոլորով նույն նպատակի համար են պայքարում։
Лусине Погосян
© Photo : provided by Poghosyan family