ՌԱԴԻՈ

Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ակտիվությունը, և իրատեսակա՞ն է նախարարի խոստացած աճը

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հարցին, թե հնարավո՞ր է արդյոք տարեվերջին Հայաստանն ունենա երկնիշ տնտեսական աճ։
Sputnik
Շատ լավատեսական սցենարի պարագայում 10 տոկոս տնտեսական աճը բացառել չի կարելի, բայցևայնպես դրա հավանականությունը բավականին ցածր է։ Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հնչեցրած տեսակետին, թե Հայաստանը արդեն դեկտեմբերին կարող է գրանցել 10% տնտեսական աճ` Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Արմեն Քթոյանը։ 
Նրա խոսքով` ընթացիկ կես տարվա արդյունքները վկայում են, որ երկնիշ տնտեսական աճի համար նախադրյալներն այդքան ակնառու չեն։ Մինչ այժմ գրանցված մեր տնտեսական ակտիվությունը եղել է արտաքին շուկաներում նպաստավոր կոնյուկտուրայի հաշվին։
ՌԱԴԻՈ
Տնտեսական գործընթացները մեզ մոտ իներցիոն բնույթ են կրում. խոշոր հարկատուները չեն փոխվում
«Մշակող արդյունաբերության մասով աճ չկա, իսկ տնտեսության ողնաշարն ըստ էության հենց այդ արդյունաբերությունը պետք է լինի որակյալ աճ արձանագրելու համար։ Շինարարության մասով կա աշխուժացում, իսկ մնացած ոլորտներում ակնառու առաջընթաց կամ դրան նպաստող նախադրյալներ չկան, որ հիմք տան պնդելու, թե տարեվերջին կունենանք երկնիշ տնտեսական աճ։ Համենայնդեպս առաջին վեց ամսվա արդյունքներով դա չի երևում»,– նշեց տնտեսագետը։
Քթոյանի կարծիքով` տնտեսությունն այնուամենայնիվ դժվարություններից հետո հետզհետե վերադառնում է նախկին սխեմային` հանքագործություն, սնունդ, տրանսֆերտներ և դրանց հաշվին գնողունակ պահանջարկ, սեզոնային գյուղատնտեսություն և դրա վրա հիմնված որոշակի աշխուժացում։ Ըստ նրա` կարճ ժամանակահատվածում այլ բան սպասելը ճիշտ չէր լինի։ 
Տնտեսագետի համոզմամբ` մեր գործիքակազմը լայն լինել չի կարող, որովհետև ունենք էական սահմանափակումներ, պատերազմի հետևանքներով պայմանավորված սոցիալական խնդիրներ, կուտակված արտաքին պարտքի բեռ։ Տրանսֆերտների ծավալը թույլ չի տալիս պետությանն իրականացնել մեծ ծրագրեր, որոնք կարող են զարկ տալ տնտեսությանը։ Ըստ նրա` անհրաժեշտ է այնպիսի քայլեր կատարել, որոնք կնպաստեն համապատասխան ինստիտուտների զարգացմանը, թեև պարզ է, որ արդյունավետությունը կերևա տևական ժամանակ հետո։
Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ    
«Պետք է նաև խթանել մարդկային զարգացմանը միտված փոփոխությունները, առաջընթացի հիմքում պետք է լինեն մարդն ու ինովացիոն ծրագրերը, գիտելիքահեն տնտեսությունը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1.5 տոկոս տնտեսական աճ։ Սակայն հիմա` այս տարվա առաջին կիսամյակում, ունենք 5 տոկոս տնտեսական աճ, և ամեն ինչ գնում է նրան, որ մենք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ ունենանք։