ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է ԱԺ հանձնաժողովներին և գրել, թե իր տեղեկություններով` ընդդիմադիր խմբակցություններից ովքեր կղեկավարեն իրենց հասանելիք 3 հանձնաժողովները։
Երկուշաբթի օրվանից սկսելու են ընտրել հանձնաժողովների նախագահներին և տեղակալներին։ Դոնթի բանաձևով՝ ընդդիմությանը բաժին է հասել 3 մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն։ Դրանք կլինեն տնտեսական հարցերի հանձնաժողովը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերինը և մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որը «Հայաստան» դաշինքը զիջել է «Պատիվ ունեմ»-ին։
«Տեղեկացանք, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրելու է Վահե Հակոբյանի թեկնածությունը, եվրասիական ինտեգրման հանձնաժողովում՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, իսկ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ըստ ամենայնի, կառաջադրվի նախկինում իմքայլական, ներկայում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը»,–գրում է թերթը:
Նշենք, որ օգոստոսի 6–ին Իշխան Սաղաթելյանին երրորդ փորձից ԱԺ փոխնախագահ ընտրելուց հետո խորհրդարանն անցավ ԱԺ մշտական հանձնաժողովների հարցին։ Ամբողջ օրը քննարկեցին և ընդունեցին իշխանության առաջարկած տարբերակը՝ 12 հանձնաժողով։ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը մերժվեց։