ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանում ամենատարածված անունների վարկանիշը նորածինների շրջանում գլխավորում են Դավիթն ու Նարեն։ 2021 թվականի առաջին վեց ամիսների տվյալներն է ներկայացնում Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նշվում է, որ 2021 թվականի առաջին կիսամյակում երկրում 8 249 աղջիկ և 8 962 տղա է ծնվել։
Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում 559 տղա ստացել է Դավիթ անունը, 337 աղջիկ` Նարե։ Ամենայն հավանականությամբ, տղաներին այդպես են կոչում «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսի պատվին։
«Տղայական» վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Նարեկ անունը, որով կոչել են 402 նորածնի։ Ի դեպ, հայերի շրջանում տարածված այս անունը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում վեցերորդ տարին անընդմեջ։ Աղջիկների անունների վարկանիշում երկրորդ տեղում է Մարիան` այսպես են անվանակոչել 299 երեխայի։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում են Մոնթե (308) և Արփի (267) անունները։ 2020 թվականին Մոնթեն վարկանիշի հինգերորդ հորիզոնականում էր, հիմա «բարելավել» է դիրքերը։
Չորրորդ տողում են Տիգրան (298) և Մանե (246) անունները։ Հինգերորդում` Արեգն (263) ու Անգելինան (242)։ Ի դեպ 2020 թվականի արդյունքներով` Անգելինան պատվավոր առաջին եռյակում էր, այս տարի այն մի փոքր «զիջել» է իր դիրքերը։
Վեցերորդ հորիզոնականում են Մարի (198) և Հայկ (254) անունները։ Յոթերորդ տեղում են` Եվան (177) և Մարկը (245), ութերորդում` Մարիամն (177) ու Միքայելը (191)։ Վարկանիշում իններորդ և տասներորդ հորիզոնականները կիսում են Անահիտ (159), Ալեքս (189), Սոֆի (153) և Արմեն (173) անունները։
Վարկանիշի 50 անունների թվում են նաև Էլիզա, Մոնիկա, Միլա, Արինա, Էմիլի, Ամելի, Լիկա, Արիանա, Ադրիանա, Էլինա, ինչպես նաև Դանիել, Լեո, Ալեքսանդր, Վան, Մաքս, Հենրի և մի շարք այլ անուններ։
Նշենք, որ 2021 թվականի հունվար–հունիսին ծնվածների թիվը 17 հազար 211 է։ Մահացածներինը` 16 627։ Առաջին կիսամյակի ընթացքում 8130 ընտանեկան միություն է կազմվել, 2002–ն էլ դիմել են ամուսնալուծության։