ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Այսօր ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիշատակի օրվա կապակցությամբ մի շարք տեղեկություններ ու փաստեր է հրապարակել։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլ կայսրության քրիստոնյա մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:
«Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ․հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 -750 հազար մարդու կյանք»,- նշված է հրապարակման մեջ։
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հույների և ասորիների կոտորածները 2007 թ. որակեց որպես Ցեղասպանություն:
Ասորիների ցեղասպանությունը դատապարտել են մի շարք երկրներ և պետությունների նահանգային իշխանություններ։
Նշենք, որ 2015 թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությամբ ճանաչվել ու դատապարտել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հույների և ասորիների ցեղասպանությունները։
Հավելենք, որ ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, քանի որ 1933 թվականին այդ օրը Սիմել գյուղում ասորիների զանգվածային կոտորած է եղել. միայն մեկ օրում քրիստոնեական երկու եկեղեցիներում ողջ–ողջ այրել են 3000 ասորիների։