Արցախի ՄԻՊ–ն ահազանգում է` Հին Շենի մոտի ադրբեջանական հենակետը սպառնալիք է մարդկանց համար

Պաշտպանը պնդում է, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի համապատասխան մարմինները պետք է բանակցեն հենակետը հեռացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի մերձակա բլրի վրա տեղակայված ադրբեջանական ԶՈւ հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել։ Նա այցելել է համայնք և տեղում ծանոթացել իրավիճակին, առկա խնդիրներին։
«Սուր խնդիրներ չենք ունեցել»․ Փաշինյանն ու Հարությունյանը խոսել են Արցախի մասին
Ստեփանյանն ընդգծում է՝ գյուղը մինչև պատերազմն ունեցել է 187 բնակիչ, նրանցից ընդամենը 86-ն է հիմա մշտապես բնակվում այնտեղ։
Պաշտպանը պնդում է, որ գյուղացիների վերադարձի և գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է։
«Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը այդ տարածքներում անվտանգային առումով խոչընդոտներ է ստեղծում և ուղղակի սպառնալիք է նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով, մասնավորապես՝ խոտհարքների կազմակերպման, արոտավայրերից օգտվելու և մեղվափեթակների սպասարկման համար»,- նշված է հայտարարության մեջ։
Պաշտպանն ընդգծում է, որ հուլիսի 29-ին և օգոստոսի 2-ին Հին Շեն համայնքի բնակիչներին պատկանող 4 խոշոր եղջերավոր կենդանիներ հափշտակվել են։ Գյուղացիների պնդմամբ՝ անասուններին ապօրինի տիրացել են հիշյալ հենակետում ծառայություն իրականացնող ադրբեջանական զինվորականները։
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի նախագահին
Ստեփանյանը շեշտում է՝ ԱՀ համապատասխան մարմինները ռուս խաղաղապահների միջնորդությամբ պետք է բանակցություններ սկսեն վերոնշյալ հենակետը գյուղի մերձակա տարածքից հեռացնելու ուղղությամբ։ Սա անհրաժեշտ է բնակիչների բնականոն կյանքը վերականգնելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորելու համար։