Դա ձեր խնդիրն է. Արշակ Կարապետյանը հրամայել է կիրառել բոլոր միջոցները, եթե անհրաժեշտ լինի

Նախարարն աշխատանքային այցի ընթացքում ստուգել է երրորդ զորամիավորման անձնակազմի մարտական պատրաստականությունը, մի շարք զինծառայողների պարգևատրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ոչ մի ուղղության վրա սրացումներ չենք ուզում, բայց թույլ չենք էլ տա, որ հակառակորդը նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։ Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման կազմին և ենթակա ստորաբաժանումների զորամիավորման նորանշանակ հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին է ներկայացրել ու միևնույն ժամանակ խստորեն հրահանգել կասեցնել ՀՀ պետական սահմանը հատելու հակառակորդի փորձերը։ Տեսանյութը հրապարակել է «Զինուժ մեդիան»։
Բացառել թշնամու առաջխաղացման կամ դիրքային բարելավման ամեն փորձ. ՊՆ–ն խիստ հանձնարարել է
«Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։ Դա ձեր խնդիրն է։ Դրա համար կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- հայտարարել է նախարարը։
Աշխատանքային այցի ընթացքում անձնակազմի մարտական պատրաստականությունը ստուգելու համար զորամիավորման տանկային և հրետանային ստորաբաժանումներին հայտարարվել է տագնապ։
Այցի ընթացքում 44-օրյա պատերազմի մասնակից մի քանի զինծառայողների նախարարը պարգևատրել է արժեքավոր նվերներով, վերադաս ղեկավարներին հանձնարարել է առավել աչքի ընկած ծառայողներին ներկայացնել պարգևատրման գերատեսչական մեդալներով։