«Պոնչիկին դուր եկավ պայքարի ոգին...». Արոնյանն իր խաղի մասին հումորային գրառում է արել

Chessable Masters մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանը զիջեց վիետնամցի շախմատիստ Լե Կուանգ Լյեմին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը գոհ է Grand Chess Tour շարքի Chessable Masters շախմատային առցանց մրցաշարի կիսաեզրափակչում տիրող պայքարի ոգուց: Շախմատիստը հումորային գրառում է արել Twitter-ում։
«Պոնչիկին դուր եկավ պայքարի ոգին, բայց ոչ որակը։ Ընդունենք ի գիտություն», - գրել է Արոնյանն ու հրապարակել Պոնչիկ մականունով իր շան լուսանկարը։
Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանը Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակչում կրեց երկու պարտություն, տոնեց մեկ հաղթանակ։
Վիետնամի ներկայացուցիչ Լե Կուանգի հետ առաջին մրցախաղում նա պարտվել էր 1։3 հաշվով։ Երեկ կայացած երկրորդ մրցախաղում նա տարավ հաղթանակ՝ 2,5։1,5 հաշվով:
«Վաղուց երաժշտական թվիթ չէի արել»․ Արոնյանը գրել է ամենասիրելի «չանգլերեն» երգերի մասին
Լրացուցիչ մրցախաղում վիետնամցի շախմատիստը հաղթեց 2։1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։
Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար կմրցի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ։
Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում Արոնյանը հաղթել էր ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին (2,5:0,5 և 2:1): 16 մասնակիցներով շրջանաձև մրցաշարում հայ շախմատիստը 10,5 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը:
100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում կայանում է շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով: Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե ՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելմամբ):