Ըմբիշ Վազգեն Թևանյանը զրկվեց օլիմպիական մեդալ նվաճելու հնարավորությունից

Վազգեն Թևանյանն առաջին իսկ մենամարտում պարտվել էր ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին, որը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. 2020 թվականի աշխարհի գավաթի հաղթող, ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը չի կարողանա պայքարել Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար:
21-ամյա հայ մարզիկը 1/8 եզրափակիչի առաջին իսկ գոտեմարտում պարտվել էր ֆավորիտներից մեկին՝ Ռուսաստանը ներկայացնող Հաջիմուրադ Ռաշիդովին: Թևանյանը կարող էր մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ, եթե Ռաշիդովը դուրս գար մրցաշարի եզրափակիչ։ Սակայն Ռաշիդովը պարտվեց կիսաեզրափակիչում։
Փաստորեն Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը ելույթներն ավարտեց չորս մեդալով։ Արծաթե մեդալակիրներն են Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիրները` Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։