Ցանկացած անձ, որը զբաղվում է ձեռնարկատիրությամբ և ստանում եկամուտ, պետք է նաև հարկեր վճարի, բայց այլ հարց է, թե ինչպիսի մեխանիզմներ կկիրառվեն մասնավորապես անհատ տաքսիստների և տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների պարագայում, որպեսզի նրանք հարկեր վճարելուն զուգահեռ` ի վիճակի լինեն հոգալ իրենց ծախսերը և ոլորտում գներն անհամեմատ մեծ չլինեն։ Անհատ տաքսիստներին հարկման դաշտ բերելու մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։
«Հարկային դաշտ գալու դեպքում էական չէ, թե որ ոլորտում ես ծառայություններ մատուցում, պարզապես պետք է արդարացիորեն հաշվարկվեն հնարավորություններն ու դրան համապատասխան վճարվեն հարկեր։ Տարիներ առաջ, երբ տաքսիստները բողոքում էին և ակցիաներ իրականացնում, խնդիրը կապված էր լիցենզավորման և խիստ պահանջների հետ`ինչպես պետք է գործեն տաքսի ծառայություն մատուցողները, ինչպիսի մեքենաներ պետք է ունենան։ Սակայն լիցենզավորումը համատարած չէր կիրառվում, ինչն էլ դարձավ բողոքի պատճառ։ Դրանից հետո մշակվեցին մայրաքաղաքի ու մարզերի համար նախատեսված հարկային տարբեր դրույքաչափեր, սակայն դա էլ չէր վերահսկվում։ Եթե տարաձայնություններ չլինեն, և բոլորի համար կիրառվի ընդհանուր մոտեցում, ապա բողոքի զանգվածային ալիք չի բարձրանա, թեև կլինեն անհատներ, ովքեր կարտահայտեն իրենց դժգոհությունը»,– ասաց Քեյանը։
Նրա կարծիքով` տաքսի ծառայությունների որակի մեջ անհրաժեշտ է շուտափույթ փոփոխություն իրականացնել, ինչը բխում է նաև երթևեկության մեջ գտնվող քաղաքացիների անվտանգության պահանջից, հետևաբար ծառայություն մատուցողները պետք է ունենան որոշակի կանոններ և չափանիշներ։ Ըստ նրա` տաքսիները պետք է տարբերվեն նաև գունային ֆոնով, տարանջատվեն մյուս տրանսպորտային միջոցներից, վարորդները պետք է առաջնորդվեն իրենց համար նախատեսված չափորոշիչներով։ Բայց որակի բարձրացումը տաքսիների պարագայում անշուշտ պետք է բերի գնի բարձրացման, դրանք հարցեր են, որոնք անպայման պետք է կարգավորվեն։
Նշենք, որ այսօրվա կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տաքսիների մատուցած ծառայությունների որակի հետ կապված որոշակի ստանդարտ պետք է ունենանք։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դիտարկմամբ` խոսքն առնչվում է ԱԱՀ-ին, իսկ այն ճիշտ հաշվարկելու դեպքում ծառայությունների գնի աճ չի առաջանա։
Նրա տեղեկացմամբ` արդեն քննարկումներ են տեղի ունեցել տաքսի ծառայությունների ոլորտի հարկման վերաբերյալ և քանի որ ծառայությունների որակի բարձրացման խնդիր կա, ապա որակի և գնի համաչափ բարձրացումը շատ նորմալ կդիտարկվի։