ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Կոռումպացված դատավորները համակարգից զտվելու, հեռացվելու են։ Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը խոստանում է, որ այս գործընթացն իրականացնելու համար ինտենսիվ քննարկումներ և հանդիպումներ են լինելու տարբեր հասարակական կառույցների, նաև պետական մարմինների հետ, այդ թվում՝ ԱԱԾ, Քննչական կոմիտե և այլն։
«Կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է դուրս մղվեն, զտվեն համակարգից, սա միանշանակ է ինձ և կառավարության համար»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած դատավորների վեթինգին՝ նախարարը նշեց, որ բոլոր խոստումներն իրականացման ճանապարհին են։
«Վեթինգն արդեն իսկ սկսված է, դուք կարող եք տեսնել, որ արդեն իսկ կան համակարգից դուրս մղված դատավորներ»,- նշեց նախարարը։
Պնդում է՝ այն, ինչ խոստացվել է կա՛մ արված է, կա՛մ արվում է։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, 2019թ.–ի մարտի 18-ին որոշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը` վեթինգ իրականացնելով։
Բայց դատավորների վեթինգն այդպես էլ մինչև հիմա չի իրականացվել։