Թաթոյանն ադրբեջանցիների սադրանքից հետո Երասխում բռնկված հրդեհից տեսանյութ է հրապարակել

Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է Երասխում հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհին և տեսանյութ հրապարակել։
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ, հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները:
«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն»,-ասել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը հատկապես Երասխում:
Նշենք, որ գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն այսօր`ժամը 12:10-ի սահմանում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։