ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ, քննարկել են ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը` հավելելով, որ այսօր պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
«Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ գրասենյակի կողմից իրականացվել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արշակ Կարապետյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ համապատասխան կառույցների հետ։
Կարապետյանն ընդգծել է, որ այժմ զինված ուժերում իրականացվում են կարգապահության ամրապնդմանը, զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովության միջոցառումներ։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն օգոստոսի 2-ին է նշանակվել պաշտպանության նախարար։